Անդրադարձ կատարվեց 2014-2015 ուստարվա ընթացքում գրանցված առաջընթացին, աշակերտական առաջադիմությանը, ընդգծվեց դպրոցի կրթական և հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերող առաջավոր աշակերտների խրախուսումը «Հերացի» կրթաթոշակով:
Սովորողներն առանձնակի ջերմությամբ իրենց երախտիքի խոսքն ուղղեցին Միքայել Նարիմանյանին՝ մատնանշելով դպրոցում կրթության համար առավել նպաստավոր պայմանների ապահովումը, մասնավորապես` այս ուստարում ուսուցումը մեկ հերթով կազմեկերպելու հնավորությունը, ինչը կյանքի կոչվեց բուհի աջակցությամբ դպրոցում լրացուցիչ դասասենյակներ ավելացնելու միջոցով:
Աշակերտները կարևորեցին առարկայական անվճար խմբակների առարկայությունը դպրոցում, ինչի արգասիքն են օլիմպիադաների մարզային, հանրապետական փուլերում ձեռք բերված հաջողությունները:
Կենսաքիմիական ենթահոսքի աշակերտները և դասավանդող ուսուցիչները մեծ ոգևորությամբ խոսեցին ԵՊԲՀ-ում անցկացվող գործնական պարապմունքների, մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվող պրակտիկաների մասին:
Դեռևս 2012թ.-ից դպրոցի աշխորհուրդը համագործակցում է ԵՊԲՀ ուսխորհրդի հետ: Պարբերաբար անցկացվող հանդիպումները և համատեղ միջոցառումները աշակերտների մեջ ձևավորում են ուսանողի կերպարը, ներշնչում ինքնավստահություն, դարձնում առավել նախաձեռնող:
Ինքնաբուխ և անկեղծ ելույթով հանդես եկան ուսուցիչները, որոնք խոսեցին բարդ ու հակասական այս ժամանակներում ուսուցչի առջև ծառացած դժվարությունների մասին, գոհունակություն հայտնեցին ուսուցիչների ստեղծագործական աշխատանքը խթանող հնարավորությունների համար: Բացի բարոյահոգեբանական աջակցությունից՝ կա նաև լուրջ մոտեցում` ուսուցչին ֆինանսապես խրախուսելու, անմնացորդ նվիրումը գնահատելու առումով:
Նշվեց նաև, որ դպրոցի ուսուցիչները վարձատրվում են 20% հավելավճարով, ինչպես նաև բժշկական համալսարանի աջակցությամբ հնարավորություն ունեն օգտվելու առողջական ապահովագրությունից:
Հանդիպման վերջում Միքայել Նարիմանյանը պատասխանեց աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, ինչի ընթացքում քննարկվեցին առկա այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավոր կդարձնի հաջորդ ուսումնական տարվա լիարժեք կազմակերպումը:
Նշենք, որ հանդիպումն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում և նոր հուսադրող ակնկալիքներով: